Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դժվարությամբ եմ պատկերացնում Սորոսի դրամաշնորհներով ֆինանսավորված Transparency international-ի նախկին աշխատակցի մասնակցությունը Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներին»

«Դժվարությամբ եմ պատկերացնում Սորոսի դրամաշնորհներով ֆինանսավորված Transparency international-ի նախկին աշխատակցի  մասնակցությունը Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներին»
08.06.2018 | 00:09

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԽ աշխատակազմի երկարամյա աշխատակից, քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդական ԱՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

-Հանրության մեջ տարբեր կարծիքներ կան Անվտանգության խորհրդի քարտուղարության կամ, ինչպես մինչ 2016-ն էր անվանվում, աշխատակազմի գործունեության վերաբերյալ: Դուք` որպես կառույցի երկարամյա աշխատակից, ինչպե՞ս կնկարագրեք ԱԱԽ քարտուղարության գործունեությունը:
-Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի գործունեությունը տարբեր պատճառներով գրեթե չի լուսաբանվել հանրությանը: Երբեմն նույնիսկ որոշ հրապարակումներում տարբերություն չի դրվում Անվտանգության խորհրդի և այն սպասարկող կառույցի` նախկինում աշխատակազմի կամ քարտուղարության, իսկ նոր օրենսդրությամբ` գրասենյակի միջև: ԱԱԽ աշխատակազմի կամ քարտուղարության քարտուղարի պաշտոնն ունեցել է խորհրդատվական-արարողակարգային նշանակություն և քաղաքական իրավիճակներով պայմանավորված` ղեկավարի նշանակումները չեն նպաստել կառույցի` անվտանգային համակարգում առանցքային դերակատարմանը։ Մինչդեռ այսօր կան անհրաժեշտ իրավական հիմքեր, և կառույցն ունի արհեստավարժ կադրային ներուժ:
-Նոր սահմանադրությամբ ինչպե՞ս են փոխվում Անվտանգության խորհրդի դերն ու նշանակությունը:
-Սահմանադրական փոփոխություններով Անվտանգության խորհրդին վերապահվել է պաշտպանության ոլորտի կարևորագույն լիազորությունը` ԱԽ-ն ստանում է սահմանադրական մարմնի կարգավիճակ և պետք է սահմանի պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Ըստ օրենսդրության` իրականացնելու է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում, հաստատելու է զինված ուժերի զարգացման, ծավալման, կիրառման, զորահավաքային պլանները, ընդունելու է որոշումներ և այլն: Անվտանգության խորհրդի քարտուղարը ղեկավարելու է գրասենյակի գործունեությունը, հավաքելու և ամփոփելու է ՀՀ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվություն` վարչապետին և խորհրդին ներկայացնելով ամփոփագրեր և առաջարկություններ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ, իրականացնելու է խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում:
-Ո՞վ է այդ տեղեկատվության «սպառողը»:
-Արդյունքները ներկայացվելու են վարչապետին և Անվտանգության խորհրդին և դրանց հիման վրա արվելու են քայլեր անհատի, հասարակության ու պետության անվտանգության ապահովման համար: Փակագծերն ավելի բացել չեմ ուզում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ԱԽ քարտուղարի նշանակման վերաբերյալ քննարկումներին:
-Նախկին իշխանական համակարգում կարևոր պետական տարբեր պաշտոններում մարդկանց նշանակումները կարող էին նաև բխել ոչ թե նրանց մասնագիտական և գործնական որակներից, այլ ներհամակարգային, ինչպես նաև դրսի տարաբնույթ ուժերի հետ պայմանավորվածություններից։
Այժմ Հայաստանում թավշյա հեղափոխությունն առաջացրել է նոր իրավիճակ, և այսօր պաշտոնյաների նշանակումներում պետք է զերծ մնալ նախկին համակարգին հատուկ գործելաոճից։
-Ո՞րն եք համարում նոր գործելաոճին հարիր:
-Առաջին հերթին կենսափորձը և մասնագիտական համապատասխանությունը նշածս խնդիրների լուծմանը: Ա. Գրիգորյանի պաշտոնավարումն արդեն իսկ մտահոգություններ է առաջացրել։ ԱԽ քարտուղարը կարևոր ազդեցություն ունի խորհրդի գործունեության, մեր երկրի պաշտպանական քաղաքականության գերակայությունների հատկորոշման, արդեն ընդունված որոշումների արդյունավետ իրականացման համակարգման վրա: Թվարկածս գործառույթներ են, որոնք պահանջում են ԱԽ քարտուղարից Հայաստանի անվտանգային ներքին և արտաքին միջավայրի ու հիմնախնդիրների վերաբերյալ հայեցակարգային և պրակտիկ խոր գիտելիքներ, մասնագիտական փորձառություն, որոնք ձեռք են բերվում միայն տվյալ ոլորտում երկարատև աշխատանքային գործունեության արդյունքում: Մինչդեռ ԱԽ նորանշանակ քարտուղարն այդ ոլորտում փորձառություն չունի, և դժվարությամբ եմ պատկերացնում Սորոսի դրամաշնորհներով ֆինանսավորված Transparency international-ի նախկին աշխատակցի մասնակցությունը Հայաստանի անվտանգությանն առնչվող ռազմավարական փաստաթղթերի մշակման ու պաշտպանության ոլորտի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին: Սորոսի մոտեցումները հակասում են շատ ու շատ պետությունների ազգային և անվտանգային շահերին ու միտված են հասարակությունների արժեքային համակարգերի քայքայմանը։ ԱԽ քարտուղարի հրապարակային ելույթներում կոռուպցիան, թերի ընտրական գործընթացները և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ներկայացվում են որպես ազգային անվտանգության առանցքային կամ գլխավոր մարտահրավերներ: Չհերքելով կոռուպցիայի վտանգավորությունը` նման դատողություններն ուղղակի ոլորտի բազմաշերտ հիմնախնդիրների և բարդ խորքային իրողությունների պարզունակացում են: ԱԽ քարտուղարի կողմից Հայաստանի համար գոյութենական (լինել-չլինելու) նշանակություն ունեցող Ազգ-բանակ հայեցակարգի նկատմամբ խիստ վնասակար ուլտրա-ազատական մերժողական մոտեցում է դրսևորվում: Նրա ելույթն Աստանայում վկայում է, որ խնդիրներ ունի Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի խորքային գործընթացների ընկալման և միջազգային գործընկերային հնարավորությունների օգտագործման, աշխարհաքաղաքական հարթակներում ճիշտ դիրքորոշվելու հարցերում:
Հաշվի առնելով այս փաստարկները, հիմնավոր եմ համարում ԱԽ նոր քարտուղարի` ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում պաշտոնավարման հեռանկարի հետ կապված բարձրաձայնված տարակուսանքները և ինքս էլ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել: ԱԽ քարտուղարի նշանակման որոշման վերանայման դեպքում պատրաստ եմ իմ ուժերի ներածի չափ աջակցելու կառույցի կատարելագործմանն ու ամրապնդմանը։


Հարցազրույցը՝
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 8006

Մեկնաբանություններ